Рубрика: Գրքերի աշխարհում, Թևավոր խոսքեր

10 մեջբերում՝ Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գրքից

​«Ռոդենի ձմեռը» Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքն է «Լուսե Երազ», «Նա և նրա», «Արտագաղթած կարոտ» ժողովածուներից հետո: Գիրքը ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում:
Ձեզ ենք ներկայացնում 10 մեջբերում՝ Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գրքից:

1.- Իսկ ես վախենում եմ:
— Ինչի՞ց:
-Վախենում եմ սիրեմ մեկին, բա որ կոտրի՞ ներսս։
— Բա որ դու կոտրե՞ս ինչ-որ մեկի ներսը…
— Չէ՛, մե՛կ է, վախենում եմ։
— Ուղղակի վախենում ես սերդ նվիրել, ոչ թե սիրել. սերն ու վախն անհամատեղելի են։

2. — Իսկ աչքե՞րը: Աչքերը մոռանալ լինո՞ւմ է:
— Լինում է, եթե…
— Եթեներ չկան, ես սիրում եմ աչքերդ…
— Աչքերս, բայց ո՛չ ինձ:

— Իսկ ի՞նչ եմ անում աչքերդ առանց քեզ…

3. Մատներիցդ գրքի հոտ եմ առնում. ձեռքերդ չլվանաս…

4. Եթե մարդուն ամեն օր հիշում ես, ներկա՞ է, թե՞ անցյալ կամ ուղղակի հիշողություն։
— Ապագա…

5. Հրաժեշտներ կան, որ լուռ են, հրաժեշտներ էլ կան՝ գրկախառնումով: Երկու դեպքում էլ գրկում ես հիշողություններդ: Հրաժեշտ կա ակամայից է ստացվում, հրաժեշտ էլ կա՝ անՀրաժեշտ է: Երբեմն էլ այնպես արագ ու անսպասելի են լինում հեռացումները, որ չես հասցնում անգամ հրաժեշտ տալ:

6. Երանի գնալդ գալուդ նման հեշտ լիներ, որ չկարոտեի…

7. Սերը սառնարանում դրված կարագի պես բան է: Պետք է հանել, թողնել մի քիչ հետ գա, հետո քսել հացին ու ուտել, վայելել: Աստիճանաբար, ընթացքում, պիտի զգաս համն ու օգտակարությունը:

8. Որքան էլ չուզենաս, որքան էլ ընդդիմանաս, կյանքում պահեր են գալիս, որ հեղաշրջում են քեզ, ներսդ տակնուվրա անում։ Մինչ այդ իմացածդ, ընդունածդ ճշմարտությունները, սկզբունքները վայրկյանների ընթացքում բախվում են իրականությանն ու փշուր-փշուր լինում։ Ու միշտ դրանում «օգնում» են մարդիկ։

9. …մեզ միշտ կյանքում թվում է, թե երջանիկ ենք, բայց պարզվում է` դատարկ բաների վրա ենք կառուցել մեր երջանկությունը: Թվում է` դժբախտ ենք, բայց երջանիկ լինելու համար բավականին շատ բան ունենք: Գրողը տանի այդ թվացյալ իրականությանը:

10. Ունեցածդ գրքերի մեջ երբեմն ամենաթանկն ու արժեքավորն է դառնում ոչ թե այն մեկը, որի բովանդակությունն է հոգեհարազատ կամ որում գրված նյութը մտնում ու խառնում է ուղեղիդ ամենափոքր ծալքերը, հեղափոխում կյանքդ, որի համար շատ գումար ես վճարել, այլ այն, որի մեջ գրված մաղթանքներն ու ցանկությունները, մաղթողն ու նվիրողը հենց արժեք ունեն քեզ համար:

Рубрика: Պարզապես գրառում

Հետաքրքիր փաստեր Քըրք Քըրքորյանի մասին

— Քըրք Քըրքորյանը գումար սկսել է վաստակել 9 տարեկանից՝ թերթեր վաճառելով:

— 8-րդ դասարանում թողել է դպրոցը: Զբաղվել է բռնցքամարտով:

— 23 տարեկանում ստացել է օդաչուի որակավորում և շուրջ 2,5 տարի ծառայել Մեծ Բրիտանիայի օդային ուժերում՝ ռազմական ինքնաթիռներով չվերթներ իրականացնելով Կանադայից Եվրոպա: Յուրաքանչյուր թռիչքի դիմաց ստացել է 1000 ԱՄՆ դոլարի աշխատավարձ: Ծառայության ընթացքում կուտակած գումարներով էլ Քըրքորյանը կատարել է իր առաջին քայլերը բիզնեսի աշխարհում:

— Քըրքորյանի առաջին խոշոր գնումը եղել է Cessna ինքնաթիռը, որով նա սկսել է մասնավոր չվերթներ իրականացնել: Հետագայում նա 60 հազար ԱՄՆ դոլարով գնել է Los Angeles Air Service չարթերային ավիաընկերությունը, որը մի քանի տարի անց վաճառել է 104 միլիոն դոլարով:

— 1965 թվականին Քըրքորյանը դարձել է ԱՄՆ Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերը: Քըրքորյանի «շնորհիվ» ԱՄՆ-ում բնակվող հայերը սկսել են գնել այս միության արժեթղթերը, ինչի արդյունքում արժեթղթերի գինը աճել է մի քանի անգամ՝ Քըրքորյանի համար ապահովելով զգալի եկամուտներ:

— Քըրքորյանի ամենահաջող գործարքը համարվում է Լաս Վեգասում 960 հազար ԱՄՆ դոլարով հողատարածքի գնումը: Այս հողատարածքի առանձին հատվածները տալով վարձով՝ Քըրքորյանը վեց տարում, մինչ հողատարածքի վաճառելը, աշխատել է մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլար:

— Քըրքորյանի խոշոր բիզնես նախագծերից մեկը՝ MGM հյուրանոցը, համարվում է Լաս Վեգասում կառուցված հանգստի և ժամանցի առաջին մեգա-համալիրը:

— Քըրքորյանը ներդրումային հետաքրքրություններից շրջանակում հայտնվել է նաև հոլիվուդյան կինոարտադրությունը: Քըրքորյանը գնել է Metro Goldwyn Mayer կինոընկերության, ինչպես նաև United Artists-ի, Columbia Pictures-ի և 20th Century Fox-ի բաժնետոմսեր:

— 1980-ականներին Քըրքորյանը դարձել է ամերիկյան Chrysler ընկերության, հետագայում նաև General Motors ընկերության բաժնետեր:

— Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 151 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, 21 մլն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

***

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը թարգմանվում է հայերեն: Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած եւ արդեն իսկ բեսթսելեր դարձած գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գիրքը հայ ընթերցողին կներկայացվի «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ. վերջինս ձեռք է բերել գիրքը հայերեն թարգմանելու եւ հրատարակելու բացառիկ իրավունքը: Գրքի թարգմանիչն է Ալինա Միրզոյանը, աշխատանքներն այս պահին ընթանում են մեծ թափով:

Рубрика: Թևավոր խոսքեր

15 մեջբերում Բալզակի «Հայր Գորիո» վեպից

Ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը ներկայանում է բոլորովին նոր շնչով: Լեգենդար երգիչ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է համանուն ֆիլմից:
«Հայր Գորիո» վեպի մասին Բալզակն ասում է. «Լավ իմացեք՝ այս դրաման ո՛չ հնարանք է, ո՛չ վեպ: Ամբողջը ճշմարտություն է, այն աստիճանի ճշմարտություն, որ յուրաքանչյուրը սրա սաղմերը կգտնի իրենում, հնարավոր է՝ իր սրտում»: Այս իմաստով «Հայր Գորիո»-ն հանդիսանում է իր ժամանակի հայելին:

 

  1. Լիլիպուտային հոգիների տեր մարդկանց ամենաողորմելի սովորություններից մեկն էլ այն է, որ կարծում են, թե դիմացինն էլ մանր հոգի ունի:
  2. Ազնիվ մարդը պետք է ամենուրեք պահի իր արժանապատվությունը:
  3. Մաքուր հոգիները երկար չեն ապրում այս աշխարհում: Եվ իսկապես, մեծ զգացուներն ինչպես կարող են համատեղվել ցածր, չնչին և մակերեսային հասարակության հետ:
  4. Երբ մարդ խաբում է, նա այլևս անհաղթահարելի կերպով ստիպված է լինում սուտը ստի ետևից գլորել:
  5. Աշխարհը մի աղբանոց է, աշխատեք մնալ բարձունքներում։
  6. Կյանքը խոհանոցից լավ չէ․ նրա նման հոտում է, և անպայման պետք է, որ մարդս ձեռքերը կեղտոտի, եթե ուզում է ճաշակել։ Միայն իմացեք, որ պետք է լվացվել, պետք է մաքուր երևալ․ այդտեղ և միայն այդտեղ է մեր դարաշրջանի ամբողջ բարոյականությունը։
  7. Մարդն ամենուրեք նույնն է. ամենուրեք հաստատված է հարուստի և աղքատի կռիվը, ամեն տեղ դա անխուսափելի է, ավելի լավ է ուրեմն շահագործող լինել, քան թե շահագործվող:
  8. Վարվեք մարդկանց հետ ըստ նրանց ունեցած արժանիքների:
  9. Կատարյալ մարդ չկա: Մարդ ասածը առավել կամ նվազ չափով կեղծավոր է:
  10. Կա՞ ավելի գեղեցիկ բան, քան երբ նայում ես կյանքիդ վրա և գտնում ես, որ նա մաքուր և անարատ է:
  11. Փողն արժեք է ստանում միայն այն ժամանակ, երբ չքանում են զգացմունքները:
  12. Սերը կրոնի նման է, և նրա պաշտամունքը բոլոր մնացած կրոնների պաշտամունքից ավելի թանկ արժե:
  13. Ինչքան ուժեղ և անկեղծ է սերը, այնքան նա պիտի լինի թաքուն ու խորհրդավոր:
  14. Անհաջողությունը միշտ թև է տալիս մեր հանդուգն հավակնություններին:
  15. Սկզբունքներ գոյություն չունեն․ կան միայն դեպքեր։  Օրենքներ գոյություն չունեն․ կան միայն հանգամանքներ։  Մեծ մարդը նա է, ով դեպքերն ու հանգամանքներն իրար մոտ է բերում, կապում և առաջ վարում նրանց։