Рубрика: Գրքերի աշխարհում

Սիրո թեմատիկայով 7 գիրք

Սերը դա ամեն ինչ է: Եվ դա այն ամենն է ինչ մենք նրա մասին գիտենք:
Էմիլի Դիկինսոն

Ձեզ ենք ներկայացնում սիրո թեմատիկայով 7 գիրք:

Շտապեք ընթերցել:

 

Էրիխ Ֆրոմ, «Սիրելու արվեստը»

«Սիրելու արվեստը» գիրքը միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները:

Մարդկանց մեծ մասը չի կարողանում սիրել այն մակարդակի վրա, որն առավել կարեւորում է հեղինակը՝ Ֆրոմը. այն է` սեր, որ կազմված է հասունությունից, ինքնաճանաչողությունից եւ քաջությունից: Ինչպես ամեն արվեստ, սերն էլ պահանջում է հմտացում եւ կենտրոնացում, ինչպես նաեւ գիտելիք եւ ըմբռնում:

​Իր «Սիրելու արվեստը» դասական գործում հայտնի հոգեվերլուծաբան եւ սոցիալական փիլիսոփա Էրիխ Ֆրոմը բացահայտում է սերը իր բոլոր կողմերով. ոչ միայն ռոմանտիկ սեր, որում արմատավորվել են կեղծ հայեցակարգեր եւ վեհ սպասումներ, այլ նաեւ եղբայրական սեր, էրոտիկ սեր, սեր սեփական անձի հանդեպ, սեր Աստծո հանդեպ եւ ծնողական սեր:

 

Ջոն Գրին, ​«Աստղերն են մեղավոր»

Չնայած ուռուցքները փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, ում կյանքի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից: Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադարձային պայծառ կերպարը հանկարծակի հայտվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում:

ԽՈՐԱԹԱՓԱՆՑ, ՀԱՄԱՐՁԱԿ, ՀԱՆԴՈՒԳՆ և ՍՈՒՐ
​«Աստղերն են մեղավոր» գիրքը մրցանակակիր գրող Ջոն Գրինի դեռևս ամենահավակնոտ և սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ և սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ և ողբերգական գործընթացը:

 

Ջոն Գրին, ​«Թղթե քաղաքներ»

Քվենթին Ջեյքոբսենը ամբողջ կյանքում հեռվից սիրել է սքանչելի, արկածասեր Մարգո Ռոթ Սպիգլմենին: Ու երբ աղջիկը, նինջայի հագուստով, բացում է նրա պատուհանը ու հետո մագլցում նրա կյանք՝ հրավիրելով մի հետաքրքիր ու արտասովոր վրեժի արշավի, նա համաձայնում է:

Արթուն գիշերվան հաջորդում է նոր օրը, և Քյուն գնում է դպրոց ու հայտնաբերում, որ մշտապես հանելուկ Մարգոն հիմա արդեն առեղծված է դարձել: Բայց Քյուն շուտով պարզում է, որ նա հուշումներ է թողել… հենց իր՝ Քյուի համար: Առաջնորդվելով կցկտուր ուղենիշներով՝ որքան մոտենում, այնքան ավելի է հեռանում աղջկանից, որին կարծում էր, թե ճանաչում է:

#1 բեսթսելլերների հեղինակ և «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի փայլուն ու սուր միտքը, այրող, հուզական անկեղծությունը ծնունդ են տվել ընթերցողների մի նոր սերնդի:

 

Էրիխ Մարիա Ռեմարկ, «Երեք ընկեր»

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթ ֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար:

​Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:

 

Փիթեր Սուրյան, «Միրի»

Ամերիկահայ հայտնի գրող, հրապարակախոս և անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանի «Միրի» քնարական ստեղծագործությունը նրա երիտասարդական տարիների մտորումների, վերհուշերի, զգացմունքների արտահայտումն է:
Սուրյանը ներկայացնում է նույն պատմությունը երեք տարբեր տեսանկյուններից՝ երեք երիտասարդ հերոսների՝ Միրիի, Ջոշի և Լեքսիի միջոցով: Վերջիններս ուսանողներ են և գտնվում են հույզերի դրսևորման, ինքնահաստատման տարիքում: Միրին եկել է Հունաստանից իր հորեղբոր տուն, քանի որ այլևս որբ է: Լեքսին նրա հորեղբոր որդին է, որը հեռացել է տանից, իսկ Ջոշը ամերիկացի երիտասարդ է: Առաջանում է մի հետաքրքիր սիրային եռանկյունի, և յուրաքանչյուր հերոսի տեսանկյունը դիտելիս՝ ակամա համակրում ես հենց նրան: Հանձինս Միրիի հորեղբոր ընտանիքի՝ հեղինակը ներկայացնում է հույն էմիգրանտների կյանքը, նրանց նիստուկացը, ապրելակերպը՝ կարծես միաժամանակ ենթատեքստում արծարծելով նաև ԱՄՆ-ում հայ էմիգրանտների թեման:

 

Ուիլյամ Շեքսպիր, «Ռոմեո եւ Ջուլիետ» 

Աշխարհի ամենագեղեցիկ սիրո պատմությունը: Բանաստեղծական դրամատիկ կառուցվածքը, և այնպիսի էֆեկտները, ինչպես՝ կատակերգության և ողբերգության միջև անցումները՝ լարվածությունը մեծացնելու համար, երկրորդական կերպարների ընդլայնումը, ենթասյուժեի օգտագործումը պատմվածքը գեղեցկացնելու համար. այս ամենը գնահատվել է որպես Շեքսպիրի թատերական հմտության նշան։ Պիեսը ծավալվում էր տարբեր բանաստեղծական ձևերից մինչև տարբեր կերպարներ, երբեմն ձևը փոխելով այնպես, ինչպես կերպարն էր զարգանում։

 

Ուիլյամ Շեքսպիր, «Օթելլո» 

Վենետիկի մավր Օթելլոն առևանգում է իշխան Բրաբանցիոյի դուստր Դեզդեմոնային և գաղտնի ամուսնանում նրա հետ։ Դեզդեմոնայի հայրը ցանկանում է գտնել և պատժել մավրին։ Վերջինիս մարդիկ խռովություն էին պատրաստում Օթելլոյի համար։ Դրանք Յագոն և Ռոդրիգոն էին։ Սակայն անմեղ ու հավատարիմ ընկեր էին ձևանում։ Բրաբանցիոն գտնում է Օթելլոյին և Դեզդեմոնային իշխանների ժողովի վայրում, որտեղ Վենետիկի գլխավոր իշխանը իր խորհրդատուների հետ որոշումներ էր կայացնում կապված Թուրքիայի պատերազմի հետ։ Այդտեղ էլ քննարկում են սևամորթ Օթելլոյի ու իր հարսնացուի հարցը։ Բրաբանցիոն ստիպված համակերպվում է իրավիճակի հետ…

 

 

Реклама
Рубрика: Թևավոր խոսքեր

5 մոտիվացիոն միտք՝ «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքից

…Այս փոփոխվող ժամանակներում ամենաարդյունավետ մենեջերները նրանք են, ովքեր այնպես են կառավարում իրենք իրենց և այն մարդկանց, ում հետ աշխատում են, որ և՛ մարդիկ, և՛ ձեռնարկությունը շահում են իրենց ներկայությունից:

 

…Հնարավորինս շուտ հաջողության հասնելու համար մենեջերները պետք է կենտրոնանան և՛ արդյունքների, և՛ մարդկանց վրա: Էլ ինչպես կարող ենք ստանալ արդյունքներ, եթե ոչ մարդկանց միջոցով:

 

…Արդյունավետությունն ավելին է, քան արված գործերի քանակը: Այն նաև որակն:

 

…Յուրաքանչյուրը պոտենցիալ հաղթող է: Որոշ մարդիկ ծպտված են պարտվողի դիմակի տակ: Մի՛ խաբվեք նրանց արտաքինին:

 

…Նպատակները սկիզբ են դնում գործողություններին: Հետևանքներն ազդում են հետագա գործողությունների վրա:

Рубрика: Բիզնես և մոտիվացիա, Գրքերի աշխարհում

Նոր մշակույթ Հայաստանում. հայ ընթերցողի դատին են հանձնվում մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսլերները

Մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսելերները ներկայացվում են հայ ընթերցողներին: «Բուկինիստ» գրախանութների ցանցի Մաշտոցի պողոտայի մասնաճյուղում փետրվարի 3-ին, ժամը 18:00 տեղի կունենա համաշխարհային բեսթսելեր Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի ​«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի շնորհանդեսը: Մոտիվացիոն գրականության այս նմուշը հայերեն թարգմանել է Նազելի Կարապետյանը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Հրատարակչության նախաձեռնությամբ մոտիվացիոն և բիզնես գրականությունը հայերեն թարգմանությամբ հանձնվում է ընթերցողների դատին: Այսպիսով ձևավորվում է բոլորովին նոր մշակույթ. մեր ընթերցողները հնարավորություն են ստանում մայրենի լեզվով ուսումնասիրելու համաշխարհային բեսթսելերները: Մոտիվացիոն գրականության նմուշներից էր, օրինակ, կյանքում և բիզնեսում փոփոխություն մտցնելու բոլոր ժամանակների թիվ 1 բեսթսելերը՝ Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը, որը Հայաստանում հրատարակվելուն պես բեսթսելեր դարձավ: Հերթը «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքինն է:

«Համաձայնեք, որ մեր երկրի պայմաններում մեր ժողովուրդը շատ կարիք ունի մոտիվացված կերպով աշխատելու, ինչը կբերի տնտեսության զարգացման: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ընթերցող իրավունք ունի յուրովի ընկալել, մեկնաբանել և կիրառել գրքի ուղերձը իր կյանքում և գործում: Իհարկե, ուղերձը միայն մենեջեր մասնագիտության տեր մարդկանց չի ուղղված, այլ բոլոր նրանց, ովքեր որևէ ոլորտ են տնօրինում իրենց կյանքի կամ գործի մեջ՝ սկսած երկրի ղեկավարներից մինչև տնային տնտեսուհին, որը իր տնտեսությունն է տնօրինում, երեխաներին դաստիարակում»,-նշում է թարգմանիչ Նազելի Կարապետյանը:

Տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այսօր ձեռնարկությունները, անկախ ռեսուրսների սակավությունից, պետք է կարողանան ավելի արագ արձագանքել, որպեսզի շարժվեն անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաներին և գլոբալացմանը համընթաց:
Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարևոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ նրանք ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել:
​«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից:

Նշենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը շարունակելու է հայ ընթերցողին ներկայացնել մոտիվացիոն և բիզնես գրականություն: Շուտով ընթերցողների դատին կհանձնվի գրող, գործարար Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» գրքի հայերեն թարգմանությունը: Time ամսագին այն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:

Рубрика: Գրքերի աշխարհում

Հայ ընթերցողը բացահայտում է Էքզյուպերիին.ներկայացվեց «Գիշերային թռիչք»-ի հայերեն թարգմանությունը

Ֆրանսիացի հանրահայտ գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի արժեքավոր ստեղծագործությունները շարունակում են դրվել ընթերցողների սեղանին՝ հայերեն թարգմանությամբ: Արդեն իսկ հասանելի է սիրված գրողի «Գիշերային թռիչք» վիպակի հայերեն թարգմանությունը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:

«Էքզյուպերին այն հեղինակներից է, որոնց հետ միշտ էլ թարգմանիչը երազում է առնչվել: Իսկապես շատ շնորհակալ եմ, որ այս թարգմանությունն եմ արել: Սա բարձրարժեք գրականության նմուշ է: Էքզյուպերին շատ լուրջ, խստապահանջ ուղերձներ է հղում ընթերցողին, ստիպում մտածել «թռիչքի» մասին: Էքզյուպերիի նման գրողների համար չկա ավելի ողբերգական բան, քան խեղված թռիչքն է: Եվ Էքզյուպերին դա կարողանում է ասել առանց ավելորդ պաթետիզմի, գեղեցիկ պարզությամբ»,-գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց Շուշանիկ Թամրազյանը, ով արդեն իսկ հասցրել է հայերեն թարգմանել Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը», որը մեծ պահանջարկ է վայելում ընթերցասերների շրջանում:

Թարգմանչի խոսքով՝ «Գիշերային թռիչք» վիպակը լույս տեսնելուն պես մեծ ճանաչում է բերում հեղինակին: Այն առաջին անգամ հրատարակվել է 1931 թվականին Գալիմար հրատարակչությունում, նույն թվականին արժանացել է «Femina» գրական մրցանակին:

Ըստ Շուշանիկ Թամրազյանի՝ Էքզյուպերիի բոլոր ստեղծագործոթյունների հիմքում անձնական փորձն է, այս գործն էլ բացառություն չէ, քանի որ այս դեպքում էլ ամեն ինչ թելադրված է անձնական փորձով: Իսկ հեղինակի ստեղծագործությունների պարզությունը չափազանց խաբուսիկ է…

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը շնորհանդեսի ընթացքում հատուկ շեշտեց՝ Էքզյուպերին հանճար է թե՛ որպես գրող և թե՛ որպես մարդկային հարաբերությունների գիտակ: Նա ընդգծեց, որ Շուշանիկ Թամրազյանը հիանալի թարգմանություն է կատարել:

«Էքզյուպերիի գործերը չի կարելի մատների արանքով թարգմանել, և Շուշանիկ Թամրազյանը նույնպես այդպես է մտածում: Եվ արդյունքում թարգմանությունը շատ լավ է ստացվել: Մենք բոլորս ծանոթ ենք Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանին», և այժմ ծանոթանում ենք նրա թողած ժառանգությանը՝ հրատարակելով նրա գրքերը: Շուտով հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն հեղինակի «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին», «Միջնաբերդը» ստեղծագործությունները»,-տեղեկացրեց Մկրտիչ Կարապետյանն անդրադառնալով նաև հրատարակչության առաջիկա ծրագրերին:

Նշենք, որ «Գիշերային թռիչք» վիպակն Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից:

​Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը: